Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Անառողջ ատամներն ազդում են սրտի վրա

Անառողջ ատամներն ազդում են սրտի վրա

Հայաստանում 1000 մարդուն բաժին է ընկնում 17 ստոմատոլոգ: Գեղեցիկ ժպիտը մարդու անցաթուղթն է, այն անգամ տգեղ մարդուն կարող է հաճելի եւ հմայիչ դարձնել։ Իսկ ի՞նչ գեղեցիկ ժպիտ առանց սպիտակ, փայլուն ատամնաշարի։

 

Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնք մռայլ եւ խիստ մարդու տպավորություն են թողնում, սակայն, իրականում հաճախ պատճառը ոչ թե տվյալ մարդու բնավորությունն է, այլ ատամների հետ կապված խնդիրները։


Ատամների առողջությունը, սակայն, կարեւոր է ոչ միայն արտաքին տեսքի համար։ Բժիշկները զգուշացնում են, որ անառողջ ատամները ազդում են սրտի վրա՝ առաջացնելով աթերոսկլերոզ, ինսուլտ եւ սրտային այլ հիվանդություններ։ Խորհուրդ է տրվում հրաժարվել կիտրոնաթթու պարունակող սննդից, որը քայքայում է ատամների էմալը. փոխարենը խմել թեյ, քանի որ այն, հարուստ լինելով բնական հակաօքսիդանտներով, բարերար ազդեցություն է թողնում ատամների վրա։ Ատամների առողջության համար շատ կարեւոր է հետեւել բերանի խոռոչի հիգիենային։ Ուտելիքները եւ հատկապես քաղցրավենիքը վնասակար բակտերիաների համար հանդիսանում են հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը հանգեցնում է կարիեսի եւ լնդախտի։ Այդ դեպքում, եթե ուտելուց հետո հնարավոր չէ ատամները լվանալ, ապա կարելի է օգտվել ատամի թելից, որը կհեռացնի սննդային մնացորդները։ Իսկ, ընդհանրապես, ատամները պետք է լվանալ օրը առնվազն 2 անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, ճիշտ ընտրված խոզանակով։ Խոզանակի մազիկները չպետք է լինեն շատ երկար ու չոր, եւ, անհրաժեշտ է, այն փոխել ամիսը մոտ 3 անգամ։


Ատամների առողջության համար նաեւ կարեւոր է պարբերաբար այցելել բժշկի, ինչը կօգնի խուսափել կարիեսից, ատամնափառից եւ նմանատիպ այլ երեւույթներից։ Սակայն, ինչպես նշում է Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանը, կանխարգելման նպատակով բժշկին դիմողների թիվը Հայաստանում շատ քիչ է, հիմնականում սուր ցավերի դեպքում են դիմում։ Կանխարգելիչ աշխատանքներ տարվում են դպրոցներում 6-12 տարեկան երեխաների շրջանում։


Ատամնաբուժական ոլորտի մասին խոսելով Աշոտ Գեւորգյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում 10-15 տարի առաջ ստոմատոլոգիան մեծ զարգացում ունեցավ, ոլորտում ներդրվեցին նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ. «ԽՍՀՄ ժամանակաշրջանում շատ պարփակված էինք, ստոմատոլոգիական պարագաների ներմուծումը կատարվում էր միայն սոցճամբարի երկրներից, մնացած երկրների հետ գործարար կապեր գրեթե չկային։ Այն ժամանակ, երբ ասում էինք լավագույն արտասահմանյան պլոմբ, հասկանում էինք չեխական. դա էր լավագույնը։ Երբ անկախացանք, ճանապարհները բացվեցին։ Մենք էլ գնացինք, տեսանք, բերեցինք եւ ներդրեցինք նաեւ մեր երկրում»։ Սակայն Աշոտ Գեւորգյանին մտահոգում է այն փաստը, որ որոշ մասնավոր ուսումնական հաստատությունները, որտեղ չի ապահովվում բարձրակարգ ուսուցում, տարեկան «արտադրում» են բազմաթիվ անորակ ատամնաբույժներ եւ ատամնատեխնիկներ։ Այդ իսկ պատճառով, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը ատամնաբույժների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ «Եթե Ֆրանսիայում 1000 բնակչին բաժին է ընկնում 6 ստոմատոլոգ, Իսպանիայում՝ 5.5, ապա Հայաստանում նրանց թիվը հասնում է 17-ի»։ Այժմ Հայաստանում գործում են 750-ից ավելի ստոմոտոլոգիական կլինիկաներ, որոնցից ավելի քան 500-ը՝ Երեւան քաղաքում։ «Որոշ կլինիկաներ անօրինական ճանապարհով, էժան գներով ձեռք են բերում անորակ պարագաներ եւ աշխատում են շատ ցածր գնացուցակով, եւ այդպիսով գրավում հաճախորդների»,- ասում է Ա. Գեւորգյանը։ Իսկ օրինական ճանապարհով ներմուծված բարձրորակ պարագաները ավելի թանկ են, եւ քանի որ դրանց ինքնարժեքը բարձր է, որակյալ կլինիկաները ստիպված են լինում մրցակցությանը դիմանալու համար ծախսեր կատարել բժիշկների եւ մնացած անձնակազմի աշխատավարձերի կրճատման հաշվին։ Բացի այդ, նմանատիպ անորակ կլինիկաներում, որոնք Գեւորգյանը հեգնանքով «կաբինետիկներ» է անվանում, յուրաքանչյուր ստոմատոլոգիական միջամտություն կատարվում է միեւնույն բազմոցի վրա, եւ դա սխալ է։ Գործիքները պատշաճ կերպով չեն ախտահանվում, ինչը կարող է մեծացնել հեպատիտով վարակվելու վտանգը։


«Այսօր Ստոմատոլոգների հայկական ասոցիացիան  բավարար լծակներ չունի այդ կլինիկաների թիվը նվազեցնելու համար»,- ասաց ասոցիացիայի նախագահը եւ հավելեց, որ եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցված առողջապահության մասին նոր օրենքով, որը ընդունման փուլում է, ասոցիացիային կտրվի հնարավորություն՝ զբաղվելու անորակ կլինիկաների հարցերով։


Հայաստանը ստոմատոլոգիայի ասպարեզում ներգրավված է միջազգային մի շարք կառույցների մեջ, ինչպիսիք են օրինակ՝ Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիան, Եվրոպական ռեգիոնալ կազմակերպությունը, որտեղ ունենք շատ ակտիվ մասնակցություն. Եվրոպական ռեգիոնալ կազմակերպության խորհուրդը բաղկացած է ընդամենը 5 անդամից, որոնցից մեկը Հայաստանն է։ 2010 թ. Եվրոպական ռեգիոնալ կազմակերպության գլխավոր ասամբլեան կայացավ Երեւանում։ Սույն թվականի մայիսին էլ ստեղծվեց ԱՊՀ ստոմատոլոգների ասոցիացիան։

Հեղինակ. Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. HHpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ